«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»
28.07.2017 | 09:53

(սկիզբը՝ այստեղ)

Չնայած երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ԽՍՀՄ վեցերորդ առաջնորդի «անձնական մեծ ներդրումին», ճգնաժամային երևույթները էկոնոմիկայում, ժողովրդական տնտեսության մեջ ավելի էին խորանում: Վերցնենք թեկուզ պետության տնտեսության վիճակի առավել ինտեգրալ բնորոշիչ միայն մեկ ոլորտ:
1984 թ. Խորհրդային Միությունը Արևմուտքում գնել է 45,5 միլիոն տոննա հացահատիկ և հացամթերք, 484 հազար տոննա միս և մսամթերք, 1 մլն տոննայից ավելի կենդանական և բուսական յուղ, այլ պարենային մթերք: Երկիրը դրա համար ծախսեց 300 տոննայից ավելի ոսկի, հսկայական վալյուտային գումարներ, որոնք ստացվում էին գազի, նավթի, անտառանյութի, ուրիշ հումքային հարստությունների վաճառքից: Հսկայական երկիրը` արտակարգ պոտենցիալ հարստությամբ, անխնա մսխում էր իր բնական հարստությունները, չկարողանալով կերակրել սեփական բնակչությանը: Սա կատարյալ զավեշտ էր, եթե այդքան տխուր չլիներ, չվերածվեր պոտենցիալ ողբերգության: Երկիր, որն ուներ Կենտրոնական սևահողային գոտի՝ մոլորակի պարծանքը, հսկայական հողային և ջրային ռեսուրսներ, չէր կարողանում իր բնակչությանն ապահովել հացահատիկով: Մինչդեռ նախքան բոլշևիկյան հեղափոխությունը և կոլեկտիվացումը ռուս գյուղացին ձիով և արորով ոչ միայն սեփական երկիրն էր ապահովում, դեռ մի ահագին մասն էլ արտահանվում էր:


Զգալիորեն ուժեղանում էր ձեռնարկություններն արտասահմանյան սարքավորումներով աշխատեցնելու միտումը, որը, սակայն, իրականացվում էր չափազանց վատ: Սեփական դազգահաշինությունը ավելի ու ավելի էր հետադիմում: 1984 թ. ներմուծված սարքավորումներով կառուցված 272 ձեռնարկությունների և օբյեկտների մեծ մասը չէր կատարել պլանային առաջադրանքները: 1985 թ. հունվարի 1-ի դրությամբ արտասահմանյան սարքավորումների 506 կոմպլեկտ շահագործման չէր հանձնվել: Սակայն արտասահմանյան տեխնոլոգիաների գնման հայտերի հոսքը շարունակում էր աճել:
ԽՍՀՄ-ի ողջ պատմությունը անկանխատեսելի... անցյալ է: Բռնատիրական համակարգում սուտն ու կեղծիքը հատուկ ֆունկցիա են կատարում: Չկա ճշմարտության ոչ մի հուսալի հայտանիշ: Սուտը դառնում է ճշմարտություն, կամ ջնջվում է ստի և ճշմարտության տարբերությունը՝ այդ բառերի սովորական իմաստների մեջ: Դա լենինիզմի մեծ հաղթանակն է ճանաչողության ոլորտում, քանզի նրան հաջողվում է վերացնել հենց «ճշմարտություն» հասկացությունը, ուստի և նրան չի կարելի մեղադրել ստի, կեղծիքի մեջ:


Բերենք մեր անկանխատեսելի անցյալի ամենաարտառոց օրինակներից մեկը: Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո ընկեր Ստալինը հայտարարեց, որ սովետական ժողովուրդն ունեցել է 7 միլիոն զոհ: Իհարկե, քիչ թե շատ տեղեկացված մարդիկ հասկանում էին` իրականում զոհերի թիվն անհամեմատ ավելի է: Եվ շուտով պարզվեց, որ դա հենց այդպես է. Խրուշչովի, հետո նաև Բրեժնևի օրոք, պաշտոնապես ընդունված էր 20 միլիոն թիվը: Պարզվեց, որ դա էլ ճիշտը չէ: Գորբաչովի «гласность»-ի ժամանակ ներկայացվեց նոր թիվ ՝ 26,6 միլիոն, այսինքն` մոտ 27 միլիոն մարդ: Իսկ վերջերս, ԽՍՀՄ Պետպլանի արխիվային նյութերի գաղտնազերծված տվյալներով, Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության կորուստները կազմել են 41 միլիոն 979 հազար մարդ: Այսպիսով, ԽՍՀՄ բնակչության անվերադարձ կորուստները ՝ պատերազմի գործոններով պայմանավորված, կազմել են համարյա 42 միլիոն մարդ. ավելի քան 19 միլիոն զինծառայող և մոտ 23 միլիոն քաղաքացիական բնակչություն:


Սարսափելի վիճակագրություն է, աներևակայելի թվեր... Բայց ցրվում են բոլոր կասկածները, երբ վերցնում ես ռազմական գործողությունների թատերաբեմից հեռու գտնվող Հայաստանի կորուստների վիճակագրությունը և դիմում ես Էքստրապոլյացիայի միութենական մասշտաբով:
Ներխուժելով Հունգարիա, Չեխոսլովակիա, Աֆղանստան` մենք անմիջապես հայտարարում էինք, որ կատարում ենք մեր «ինտերնացիոնալ պարտքը», անընդհատ խոսելով պլանային տնտեսության առավելությունների մասին, տասնամյակներ շարունակ հացահատիկ էինք գնում այդ «առավելությունները» չունեցողներից, քաղբյուրոյի արխիվներում ունենալով Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին կից գաղտնի արձանագրությունները, իմանալով հազարավոր լեհերի ոչնչացման իրական պատմությունը, անամոթաբար պնդում էինք, որ այդպիսի փաստաթղթեր չկան...


Երբ 1955 թվականին սկսվեց բռնադատվածների ռեաբիլիտացիայի գործընթացը, երկրի ղեկավարությունը, վախենալով հետևանքներից (ժողովուրդը կիմանար, թե ինչքան շատ մարդ են գնդակահարել), որոշեց դիմել հերթական խարդախությանը: Խթը-ն դատախազության հետ համատեղ ստեղծեց մի յուրահատուկ փաստաթուղթ՝ Ցուցումներ ճամբարների համար (N 108 cc): Համաձայն այդ «ցուցումների», արտադատարանական օրգանների վճիռներով գնդակահարված մարդիկ հարազատներին տրվող տեղեկանքներում պետք է ներկայացվեին որպես վախճանվածներ: Մահվան տարեթվերը պետք է նշվեին բանտարկվելու սկզբից մինչև 10 տարվա սահմաններում, իսկ մահվան պատճառները պետք էր մոգոնել: Սա ևս մի օրինակ է տոտալիտար համակարգում տարածված անհաշիվ այլանդակություններից, երբ սուտը պաշտոնապես ներկայացվում է որպես ճշմարտություն:


Չեռնենկոն գլխավոր քարտուղար դարձավ ամենաավագ տարիքում (72-ը լրացել էր) և այդ պաշտոնը զբաղեցրեց բոլորից քիչ, ընդամենը 13 ամիս: Նրա մահով, 10. 03. 1985 թ., ավարտվեց ժողովրդի կողմից չորս П (ПППП - пятилетка пышных правительственных похорон) կոչված հնգամյակը, երբ իրար հետևից հոգիներն ավանդեցին Սուսլովը, Բրեժնևը, Պելշեն, Անդրոպովը, ՈՒստինովը, Չեռնենկոն:
Մահացած գլխավոր քարտուղարին աշխատում են չհիշել, նա արդեն ոչ ոքի պետք չէ: Մեծարման համար արդեն նոր առաջնորդ կա ու կլինի: Մնացած բոլոր նախորդները մահանալով կատարում էին միայն մեկ անշնորհակալ ֆունկցիա՝ իրենց վրա էին «վերցնում» «հանկարծ» բացահայտված խոշոր սխալները, բացթողումները, ինչու չէ, նաև, ինչպես Ստալինի դեպքում, հանցագործությունները: Դա յուրօրինակ քաղաքական կափարիչ էր համակարգի գործունեության «ջառման» կոնկրետ մեկ, արդեն մահացած, մարդու վրա բարդելու համար: Բոլշևիկյան առաջնորդները դատապարտված էին նեգատիվ հիշողությունների ոչ միայն այն պատճառով, որ նրանք թերարժեք, պակասավոր, հակադեմոկրատական համակարգի ճարտարապետներն էին: Գլխավոր պատճառն այն էր, որ բոլշևիկները կարող էին սիրել միայն մեկ առաջնորդի, այլ ոչ թե ժողովրդին:


«...Ես մեկ անգամ չէ, որ ինձ հարցրել եմ` ինչպե՞ս եղավ, որ հսկայական երկրի բարձրագույն ղեկավարի պաշտոնում հայտնվեց այդ ֆիզիկապես և մնացած բոլոր առումներով թույլ մարդը, ով դրա համար չուներ ոչ բավարար էրուդիցիա, ոչ իսկական պետական աշխատանքի փորձ, ոչ տնտեսության իմացություն: Չէ՞ որ դա չէին կարող չտեսնել նրան ընտրած գործընկերները, և, եթե կուզեք, հենց ինքը՝ Կոնստանտին ՈՒստինովիչը»,- հռետորական հարց է տալիս մի քանի գլխավոր քարտուղարների, այդ թվում նաև Չեռնենկոյի օգնական աշխատած Ա. Մ. Ալեքսանդրով-Ագենտովը: Իրոք, ինչո՞ւ և ինչպե՞ս կարող էր նման բան տեղի ունենալ:
Մի շարք պատմական և սոցիալական բնույթի խոր պատճառների մեջ նախ նշենք հետևյալը. բոլշևիզմը յոթ տասնամյակի ընթացքում արմատապես փոխել էր մարդկանց և նրանց ղեկավարներին: Խզումը քաղաքականության և բարոյականության միջև այնքան խոր էր, որ Կոնստանտին ՈՒստինովիչի «զինակիցներից» ոչ մեկը ոչ այն ժամանակ, ոչ հետո խղճի խայթ չէր զգում: «ՈՒրիշ կերպ չէր կարելի: Ավանդույթները: Կուսակցական նորմերը: Միասնությունը»,- այս տիպի հարմար բացատրությունները միամիտ են ու կեղծ:
Լենինյանների կառավարման երկար տարիները ձևախեղել էին բարոյականությունը համաձայն առաջին առաջնորդի սահմանած գլխավոր չափանիշի. բարոյական է այն ամենը, ինչ ծառայում է կոմունիզմի գործին:


Տվյալ դեպքում ոչ ոք (ոչ ոք !) ընդունակ չեղավ արիություն դրսևորելու:
Ոչ ինքը՝ Չեռնենկոն, ոչ նրա գործընկերները, որոնք հետագայում (բոլորը` առանց բացառության) սկսեցին խոսել նրա ոչնչություն լինելու մասին:
Չեռնենկոն պատահականություն չէր: Նա բյուրոկրատական ամենաթողության և բոլշևիզմի այլասերվածության արդյունք էր: Չեռնենկոն ի վիճակի չէր երկիրը և կուսակցությունը առաջնորդելու դեպի ապագա: Նրա «գալը» նշան էր հասարակության մեջ ընդհանուր ճգնաժամի խորացման, կուսակցության պոզիտիվ ծրագրերի իսպառ բացակայության, սպասվելիք ցնցումների անխուսափելիության: Բայղուշություն չհամարվի, բայց կարելի է ասել, որ Կրեմլի վրա իր «ղա՜-ղա՜»-ով մշտապես «թառել» էր կոմունիզմի մոտակա կործանումը գուժող կամ ավետող (նայած ում ականջի համար) սև թռչունը:
Իրենից հետո Կոնստանտին Չեռնենկոն ոչինչ չթողեց. ոչ սենսացիոն աշխատանքային գրություններ, ոչ անձնական նշումներ կամ հիշողություններ, ոչ կտակներ: Երբ վարպետ կանչեցին, որ բացեն տան անձնական օգտագործման թվանշանային սեյֆը, կոդերի հետ ոչ մեծ քաշքշուկից հետո, պողպատյա դուռը բացվեց: Հետևեց համր տեսարան: Բոլորը պապանձվել էին. բացի փաստաթղթերի բարակ թղթապանակից, ամբողջ սեյֆը բերնեբերան, խիտ-խիտ լցված էր փողի կապոցներով: Նույնը գլխավոր քարտուղարի գրասեղանի բոլոր դարակներում՝ փողերի կապոցներ, կապոցներ… Որտեղի՞ց էին դրանք, և «առաջնորդի» ինչի՞ն էին պետք այդպիսի հսկայական գումարները: Նրանց ծագման մասին կարելի է միայն գուշակություններ կամ ենթադրություններ անել: Այս թեմայի շուրջ երևի չարժե ծավալվել, գիտենալով, որ Չեռնենկոն, լինելով գլխավոր քարտուղար, իսկ նախկինում` ԿԿ ընդհանուր բաժնի վարիչ, կարող էր վերահսկել ԿԿ բյուջեն և ծախսերը:


Բոլոր դեպքերում տարօրինակ հանելուկ էր, անհասկանալի առեղծված, որի պատասխանը ես չգիտեմ և որևէ լուրջ հեղինակի մոտ չեմ կարդացել այդ մասին: Արդարացի լինելու համար նշենք, որ Չեռնենկոյի անունը երբեք չի կապվել ինչ-որ կասկածելի, կոռուպցիոն գործարքների հետ: Նա ուներ ազնիվ, անկաշառ մարդու համբավ: Նույնը պետք է ասել նաև նրա ընտանիքի` կնոջ և երեք զավակների մասին: Նրանք միշտ առանձնացել են պարկեշտ, վայելուչ պահվածքով, համեստ ապրելակերպով և, ի տարբերություն շատ ուրիշ հայտնի զավակների, երբևիցե մասնակից չեն եղել «ադամանդյա» խաղերի ու այլևայլ խայտառակ արկածների:
Ի պաշտոնե Չեռնենկոն շա՜տ բան գիտեր: Բայց երբեք, ոչ մի ելույթի ժամանակ, նա չկտրվեց տպագիր տողից և ունկնդիրներին չփորձեց զարմացնել որևէ իմպրովիզացիայով, լիրիկական զեղումներով կամ իմաստունների խոսքին դիմելով... Ո՛չ: Նա հզոր, անողոք, գործարկված, մշտապես աշխատող բյուրոկրատական մեքենայի մեծ քուրմ էր: Չեռնենկոն դարձավ հսկա ի պաշտոնե, բայց մնաց ոգու թզուկ:


Թող հարգելի ընթերցողի մոտ չստեղծվի այն թյուր կարծիքը, թե այս ամենը հատկապես կապվում է Չեռնենկոյի անվան ու նրա ընդամենը 13 ամսվա իշխանակալության հետ: Սուտը, կեղծիքը, ժողովրդին խաբելը, հիմարի տեղ դնելը կամ էլ ոչ մի բանի տեղ չդնելը եղել են բոլշևիկյան կարգերի անբաժան ընկերները, էությունը, միսն ու արյունը այդ կարգերի ծննդյան օրից: ՈՒղղակի այդ ժամանակ ճգնաժամը հասարակության մեջ հասել էր այն աստիճանին, որ այլևս հնարավոր չէր մարդկանց խաբել նման հեքիաթներով, Լենին-Մունդռիկի «ամենահաղթ ուսմունքի» ցնդաբանություններով, և մարդիկ ոչ մի հույս չէին կարող կապել Չեռնենկոյի հետ, առավել ևս ակնհայտ էր, որ նա առաջացած տարիքի, վատ առողջության, աղոտ ինտելեկտի, զուտ գրասենյակային աշխատողի կենսագրությամբ չէր կարող երկիրը խոր ճգնաժամից դուրս բերելու լուրջ ծրագրեր ունենալ:
Հազիվ թե որևէ մեկը երկրում գիտակցում էր պատմական պարադոքսը՝ ԽՄԿԿ-ի և նրա գլխավոր քարտուղարի անսահմանափակ իշխանության պայմաններում, նրանք լրիվ անզոր էին տնտեսական դրությունը փոխելու դեպի լավը: Ձեռքներում կա անսահմանափակ իշխանություն, բայց տնտեսության մեջ որևէ լուրջ փոփոխություն կատարել չեն կարող: Անձնական շահագրգռությունը և տնտեսական օբյեկտիվ օրենքները չէին կարող փոխարինվել սոցմրցմամբ, ԿԿ-ի ահեղ դիրեկտիվներով, ո՛չ էլ «թամբալների» նկատմամբ վարչական պատժամիջոցներով: Համակարգը տեղապտույտի մեջ էր:


Չեռնենկոն վերջինն էր Կրեմլի «անձեռնմխելիներից», որն իր հավերժական հանգրվանը գտավ Մոսկվայի Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ: Դա վերջին թաղումն էր այնտեղ, որ գերեզմանոցի էր վերածվել Լենին-Մունդռիկի ու բոլշևիկյան խաժամուժի կամայական, բացարձակ ապօրինի, անբարոյական որոշմամբ: Չգիտեմ` ով ինչպես, բայց ես խորապես համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանը խելքի կգա, կդառնա նորմալ երկիր ու պետություն, լիովին ու վերջնականապես ոչ միայն կհրաժարվի լենինիզմ-բոլշևիզմի ազգակործան ու հակամարդկային գաղափարախոսությունից, այլև նրա բոլոր խորհրդանիշերից և, առաջին հերթին, կլուծի Ռուսաստանի գլխին հավերժական անեծքի ու ամոթանքի խարան դարձած Լենին-Մունդռիկի դամբարանի հարցը, Կրեմլի պատի տակ թաղված «սրբերի» և պատի մեջ ամփոփված աճյունասափորների տեղափոխման հարցը և մեծ ժողովրդի պատմական հրապարակին կվերադարձնի իր իսկական պատմական տեսքը:
(Մենք, իհարկե, չենք կարող մոռանալ, որ Կրեմլի պատի մեջ են ամփոփված մեր փառապանծ մարշալ Հովհաննես Բաղրամյանի, հայ ժողովրդի արժանավոր զավակներ, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալներ աշխատած Իվան Ֆյոդորովիչ Թևոսյանի և Լեոնիդ Արկադևիչ Կոստանդովի աճյունասափորները: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, անկախ տվյալ ժամանակի իշխանությունների քաղաքական կողմնորոշումներից, անպայման տեր կկանգնի իր նշանավոր զավակների աճյուններին, և մայր հայրենիքի սուրբ հողում նրանք կգտնեն իրենց հավերժական հանգիստը):
(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 26224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ